Բաժիններ՝

Լավրովը հիշեցրել է, որ Վրաստանի համար «3+3» հարթակի դռները բաց են

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է, որ Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հենց ամենասկզբից բոլորը համաձայնեցին, որ մեզ մոտ հենց «3+3» ձևաչափն է, և որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման տարակուսանքներն ու նրբությունները, բայց որ Վրաստանի ներկայացուցիչների համար աթոռ միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ելույթ ունենալով Պետդումայում: 

Նա հիշեցրել է, որ այդ մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։

«Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Լավրովի գնահատմամբ՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա։ 

«Իսկ այն, որ «3+3»-ը (խմբ.՝ գործում է) ի շահ բոլոր մասնակիցների, կասկած չի հարուցում», – նշել է նախարարը։ Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձևաչափով վերջին հանդիպմանը «որոշվել է այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցողական  կազմակերպության»։

Լավրովն աջակցել է պատգամավորների առաջարկին՝ ստեղծելու «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողով՝ համագործակցության լրացուցիչ մեխանիզմների կազմակերպման համար։ 

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի ծրագրում մասնակցել այս ձևաչափին։ 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել երեք հանդիպում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս