
Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգել է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել դարեր շարունակ Հայոց պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը, որպեսզի, իր իսկ պնդմամբ, բռնագանձի 1994 թվականից ի վեր համայնքային հարկերի համար գոյացած պարտքերը: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:
Նշվում է, որ եթե հայցը մերժվի Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի պատրիարքարանի անշարժ գույքն ու աճուրդի կհանի այն, որպեսզի բռնագանձի վիճահարույց պարտքերը, որոնք դատական գործընթացներով երբեք չեն ապացուցվել։
«Հայոց պատրիարքարանի դեմ գործ հարուցելը, նրան ստիպելը վճարել ենթադրյալ պարտքը և, առավել ևս, դրա ունեցվածքի բռնագրավումը, կարող է վտանգել Սուրբ Երկրում Հայոց պատրիարքարանի երկարամյա առաքելությունը, որը սկսվել է 7-րդ դարից: Ավելին, դա կարող է սպառնալ հայ համայնքի շարունակական ներկայությանը Սուրբ Երկրում, որը թվագրվում է 4-րդ դարով»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:
Ըստ դրա՝ սա Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից բացահայտ փորձ է՝ տնտեսական ճնշումների միջոցով խարխլելու Հայոց պատրիարքարանը՝ նպատակ ունենալով նվազեցնել դրա ներկայությունը Սուրբ Երկրում։
«Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ պարոն Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար պարոն Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում վերսկսել այս կառավարական հանձնաժողովի նիստերը՝ բացառապես հանձնաժողովի կողմից սահմանված շրջանակում բանակցությունների միջոցով այս խնդրին խաղաղ լուծում գտնելու համար»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ: