
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո դա Սիլվա Կունիան:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հազոդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի շահ երկու պետությունների բարօրության և զարգացման:
Անգոլայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտման վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը, որը կերաշխավորի կայուն զարգացում:
Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը: