
«Սխիպն իր հետ շատ բան կարող է բերել հայկական ֆուտբոլ». Արթուր Ոսկանյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և Մ19 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը շատ բան կարող է տալ հայկական ֆուտբոլին:
«Դեռևս 2011 թվականից, երբ սկսեցի մարզչական աշխատանքս, աշխատել եմ հենց հոլանդացի մասնագետների հետ: Ծանոթ եմ նրանց մեթոդաբանությանը, տակտիկական մտահղացումներին: Հոլանդական մարզչական դպրոցը միշտ էլ բարձր մակարդակի վրա է եղել: Սկսած Ռինուս Միխելսից, Յոհան Կրոյֆից՝ հոլանդացիները համաշխարհային ֆուտբոլում մեծ դեր են խաղում: Իմ կարծիքով՝ իսպանական ֆուտբոլում նրանք են հիմք դրել այսօրվա մեծությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ոսկանյանը:
Ըստ մասնագետի` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Սխիպը աշխատանքային մեծ փորձ ունի և մարզչական փորձառություն է ձեռք բերել նաև այդ մասնագետների հետ աշխատանքում:
«Սխիպը իր հետ շատ բան կարող է բերել հայկական ֆուտբոլ, որից մենք էլ շատ բան կարող ենք սովորել: Թեպետ միշտ ասել եմ, որ ցանկալի կլինի հայ մասնագետի տեսնել հավաքականի ղեկին, սակայն, հոլանդացի մասնագետի գալը հայկական ֆուտբոլի համար նորարարություն կլինի: Նա աշխատանքային փորձ ունի այնպիսի թիմում, ինչպիսին «Այաքս»-ն է, որը հոլանդական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից է, իսկ այդ թիմում պատահական մասնագետներ չեն լինում»,-ասաց նա:
Նիդեռլանդցի 61-ամյա մարզիչ Ջոն վան’տ Սխիպը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
Որպես ֆուտբոլիստ՝ Ջոն վան՛տ Սխիպը Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքս»-ի կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:Որպես մարզիչ՝ նա գլխավորել է «Այաքս»-ը և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթի»-ն նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը: