
ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածից իր ուժերը դուրս բերելու Իսրայելի պահանջը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Հազեմ Քասեմը մերժել է Իսրայելի պայմանը, որ շարժումը պետք է լքի Գազայի հատվածը կամ զինաթափվի։ Նա նման պահանջներն անվանել է «ծիծաղելի հոգեբանական պատերազմ»։
Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։«Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն կլինի ազգային կոնսենսուսի միջոցով», – ասվում է Քասեմի հայտարարության մեջ:
Նա նաև նշել է, որ շարժումը պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, որի ընթացքում համաձայնության գալուց հետո բոլոր պատանդները կփոխանակվեն մեկ քայլով, որը կհանգեցնի մշտական հրադադարի։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում ասել էր, որ հրադադարի երկրորդ փուլի համար Իսրայելի պայմաններն այն են, որ ՀԱՄԱՍ-ը զինաթափվի, Գազայում ներկայություն չունենա, և Պաղեստինի ինքնավարությունը նրանց թույլ չտա պատերազմից հետո տարածքը կառավարել: Al Jazeera-ն հավելում է, որ փետրվարի 20-ին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին կհանձնի 4 իսրայելցի պատանդի դի։
Իր հերթին, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայյան հայտնել է, որ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի դրույթների իրականացման շրջանակներում որոշում է կայացվել 6 իսրայելցի պատանդի փետրվարի 22-ին հանձնել իսրայելական կողմին։
Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը և ԱՄՆ-ն 48 ժամվա ընթացքում որոշում կկայացնեն Կատար պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ՝ վերսկսելու ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցությունները։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հունվարի 19-ին մեկնարկած հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր, որի ընթացքում պետք է քննարկվեն երկրորդ փուլի պայմանները։