
Լավրովը և Ուշակովը մեկնել են Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հանդիպումը նվիրված կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վերականգնմանը։
«Այսօր նախագահ Պուտինի հանձնարարությամբ Էր Ռիադ են մեկնում արտաքին գործերի նախարար Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ակնկալվում է, որ փետրվարի 18-ին նրանք Էր Ռիադում հանդիպում կանցկացնեն իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, որն ամենից առաջ նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Axios լրատվական հարթակն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպումը նվիրված կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների նախապատրաստման հարցերը։
ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի ղեկավարի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։