
Բաքվում փետրվարի 17-ին շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը

Բաքվում փետրվարի 17-ին շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, որը կեղծ մեղադրանքներով ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։
Ռուբեն Վարդանյանի գործով նախորդ դատավարությունը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Ռուբեն Վարդանյանին նոր շինծու ու հորինված մեղադրանքներ են առաջադրվել իբր ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ֆինանսավորելու համար։ Ռուբեն Վարդանյանը նախորդ դատավարության ժամանակ հրաժարվել է ադրբեջանցի փաստաբանից՝ շեշտելով, որ իր իրավունքները պաշտպանելու է միայն իր փաստաբան Ավրաամ Բերմանը։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։