
Զելենսկին հրաժարվել է ստորագրել Ուկրաինայի օգտակար հանածոների պաշարների 50 տոկոսն ԱՄՆ-ին տրամադրելու համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել մի փաստաթուղթ, որը նախատեսում էր ԱՄՆ-ին տրամադրել Ուկրաինայի ապագա օգտակար հանածոների պաշարների 50%-ը: Այս մասին հայտնել է The Washington Post-ի մեկնաբան Ջոշ Ռոգինը՝ հղում անելով ամերիկացի օրենսդիրներին։
Ըստ լրագրողի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Զելենսկիին փոխանցել է համաձայնագրի նախագիծ, որը նախատեսում էր ամերիկյան կողմին տրամադրել որոշակի իրավունքներ Ուկրաինայի բնական պաշարների վրա:
«Կոնգրեսի պատվիրակությունից ասացին, որ Զելենսկին պետք է ստորագրի փաստաթուղթը, սակայն նա քաղաքավարիորեն հրաժարվել է դա անել»,– գրել է Ռոգինը X-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ դեռ պատրաստ չէ ամբողջությամբ ստորագրել փաստաթուղթը, սակայն պատրաստ է քննարկել դրա մանրամասները։