![](/banners/BeFunky-design.jpg)
Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Երևան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-EY2ckfWELwRAD0q.jpg)
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության (նստավայրը ` Աթենք) արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։
Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։
Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Կիպրոսի հետ ակտիվ երկխոսության, ինչպես նաև Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում Կիպրոսի անվերապահ աջակցության համար:
Դեսպանը ներկայացրել է մանրամասներ ԵՄ անդամության հայտ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությանը ընթացք տալու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ, որին Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել:
Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, բարեփոխումները և եվրոպական մոդելի երկիր կառուցելու հետևողականությունը: Նա վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը ընթացող գործընթացներին: Այս համատեքստում նա նշել է, որ Կիպրոսը 2026 թ․ առաջին կեսին նախագահելու է ԵՄ խորհրդում:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Կիպրոսի նախագահը հիշատակել է 2015 թ. ԱԳ նախարարի կարգավիճակով Հայաստան իր այցը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով և նշել, որ երկկողմ հարաբերությունների առաջ մղման նպատակով առաջիկայում կնախատեսի այցելություն Երևան։