
Ռուսական ԱԹՍ-ի հարվածից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի՝ ճառագայթումից պաշտպանող ապաստարանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 14-ի գիշերը ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը հզոր պայթուցիկ մարտագլխիկով հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի՝ ճառագայթումից պաշտպանող ապաստարանին։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
«Ներկայում ռադիացիոն ֆոնը չի ավելացել, և դա մշտապես վերահսկվում է։ Նախնական հաշվարկներով՝ ապաստարանին հասցված վնասը զգալի է»,- գրել է Զելենսկին։
Անօդաչու թռչող սարքի հարվածի մասին հայտնել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նույնպես հայտնել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի ապաստարանին ռուսական ԱԹՍ-ի հարվածից հետո ռադիացիայի մակարդակը մնում է նորմայի սահմաններում։
«Մոնիթորինգը շարունակվում է։ Իրավիճակը վերահսկելի է», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինան փետրվարի 14-ի գիշերը հրետանիով 15 հարված է հասցրել Զապորոժիեի ջերմաէլեկտրակայանին՝ վնասելով էներգետիկ սարքավորումները։ Առանց էլեկտրականության է մնացել 50 000 մարդ։ Զոհեր և վիրավորներ չկան։