![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանն ԱՄՆ-ի առավելագույն ճնշման արշավին հակազդելու ծրագիր ունի․ Մոհաջերանի
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-HIDhxqiERDhHiLZ.jpg)
Թեհրանն «ակտիվ ծրագիր» ունի՝ հակազդելու Վաշինգտոնի՝ Իրանի դեմ ուղղված «առավելագույն ճնշման» արշավին։
Այս մասին նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առավելագույն ճնշման արշավը «ոչ մի տեղ չի հասնի»՝ ավելացնելով, որ Իրանը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ի նոր կառավարությունը նման քաղաքականություն կընդունի Իսլամական Հանրապետության հանդեպ։
«Իրանի նախագահի վարչակազմը տնտեսությունը խթանելու ակտիվ ծրագիր ունի։ Այս դժվարին պայմանները մենք կհաղթահարենք ժողովրդի աջակցությամբ»,- մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերում իրանական Mehr գործակալությունը։
«Մասնավոր հատվածը և արդյունաբերությունը շատ ավելի լավ վիճակում են, քան նախորդ տասնամյակներում… Գիտելիքահենք մեր ընկերությունները շատ ակտիվ են», – նշել է նա՝ հավելելով, որ Փեզեշքիանի կառավարության ուշադրության կենտրոնում են մասնավոր հատվածի և ներքին հնարավորությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները՝ որպես առավելագույն ճնշման քաղաքականության ազդեցությունը չեզոքացնելու ռազմավարություն։
Մամուլի խոսնակը նաև մատնանշել է, որ իրանցիները պատրաստ են բանակցությունների, բայց միևնույն ժամանակ նրանք չեն տրվի բուլինգի։
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կվերականգնի «առավելագույն ճնշման» արշավն Իրանի դեմ, որը նա իրականացրել էր Իրանի վրա իր պաշտոնավարման առաջին ժամկետում՝ 2018 թվականի մայիսին դուրս գալով իրանական միջուկային համաձայնագրից, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ)