Մենք պետք է հրաժարվենք շրջանառության հարկից. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ շրջանառության հարկի բարձրացմանը և դրան հաջորդած դժգոհություններին:

Փաշինյանն ասաց, թե ըստ վիճակագրության՝ շրջանառության հարկ վճարողների 61.7 տոկոսը ցույց է տալիս մինչև 10 միլիոնի շրջանառություն, այսինքն՝ ստացվում է, որ օրը 27.000 դրամի առևտուր են անում: Նշելով, որ ինքը տնտեսագետ չէ, Փաշինյանն ասաց, որ երբ գործընկերներով հաշվարկում են, ստացվում է՝ այդ բիզնեսները տնտեսագիտական հաշվարկով իրականում պետք է գոյություն չունենային։

«Ինչքանո՞վ է սա ճիշտ… 1, 2, 3, 4, 5 տարի խնդրում ենք, ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մենք հեղափոխություն ենք արել, որ նաև բոլորս մեր հարկային պարտավորություններն իրականացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ամեն դեպքում եթե տեսնեն, որ իրենց հաշվարկները սխալ են, չեն զլանա իրենց սխալն ընդունել։

Ինչ վերաբերում է դժգոհությանը, որ մեծ բիզնեսները փաստաթուղթ չեն տրամադրում, Փաշինյանն ասաց, որ իրենք ուզում են նաև իմանալ, թե ովքեր են այդ փաստաթուղթ չտրամադրողները։

«Մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից», – հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս