![](/banners/BeFunky-design.jpg)
Եգիպտոսը Գազայի վերականգնման ծրագիր կներկայացնի՝ առանց բնակիչների տարհանման
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-13VeCtbKJgK.jpg)
Եգիպտոսը մտադիր է համապարփակ տեսլական ներկայացնել Գազայի հատվածի վերականգնման համար՝ միաժամանակ ապահովելով պաղեստինցիների՝ իրենց հողերում օրինական մնալու իրավունքը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունն՝ ընդգծելով, որ մերժում է եգիպտական հողերը Գազայի բնակիչներին հատկացնելու ցանկացած առաջարկ:
Այս մասին հայտնում է Al Jazeera մեդիա ընկերությունը։
Հայտարարության մեջ նշվել է Եգիպտոսի պատրաստակամությունը՝ համագործակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ պաղեստինյան հարցի արդարացի կարգավորմանը հասնելու նպատակով՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները:
Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Գազայի հատվածը վերահսկելու և նրա բնակիչներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու իր ծրագրի իրականացման համար։
Մյուս կողմից Եգիպտոսը հաստատել է Գազայի հատվածի բնակիչներին հող հատկացնելու ցանկացած առաջարկ մերժելու իր դիրքորոշումը՝ շեշտելով իր հանձնառությունը պաղեստինցիներին իրենց հողերից չվտարելու կամ որևէ այլ տեղ բնակեցնելու հարցում:
Ավելի վաղ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ արաբական երկրները պատրաստ են այլընտրանք ներկայացնել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Այլընտրանքային ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածի վերականգնում՝ առանց բնակչության տեղահանման։ Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա «վերջ դնել հումանիտար աղետին»։
Հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: