Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանի մոտ ԱՄՆ բանակի ստորաբաժանում է տեղակայվել
Ռուսաստանի հետ սահմանի մոտ գտնվող Էստոնիայի ռազմաբազայում ԱՄՆ բանակի ստորաբաժանում է տեղակայվել: Այդ մասին հաղորդել է ERR հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։
«Վիրու քաղաքից ոչ հեռու գտնվող Reedo բազայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից հետո ԱՄՆ բանակի 7-րդ հեծելազորային գնդի 5-րդ հեծելավաշտը տեղակայվել է Reedo-ում և կցվել Էստոնիայի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Էստոնիայի զինված ուժերից ERR-ին հայտնել են, որ ռազմաբազային կցված ԱՄՆ բանակի հեծելավաշտը հետախուզական է. ստորաբաժանումը կմասնակցի բազայում անցկացվող բոլոր հետևակային զորավարժություններին։
Նշվում է, որ ԱՄՆ բանակի ստորաբաժանումն էստոնական բազայում ռոտացիոն ռեժիմով տեղակայվել է մինչև 2025 թ. սեպտեմբեր։
2024 թ. սեպտեմբերին ERR-ը հաղորդել էր, որ Էստոնիան նոր ռազմաբազա է բացել Ռուսաստանի հետ սահմանի մոտ, որն ստացել է Reedo անվանումը:
Հեռուստառադիոհեռարձակող ընկերության տեղեկատվությամբ՝ նոր բազան կարող է տեղավորել մինչև 1000 մարդու։
Նշվել է, որ բազան ենթադրվում է օգտագործել որպես «նախապատրաստական աշխատանքների հավաքատեղի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլաններին համապատասխան»։