Բուքմեյքերների մասին նախագիծը վաղը կքննարկենք Նիկոլ Փաշինյանի հետ. Հայկ Սարգսյան

ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտի համար ներկա հարկերից և տուրքերից բացի 10 տոկոս շահութահարկ սահմանելու մասին աղմկահարույց օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։

Սա այն դեպքում, երբ կառավարության դրական եզրակացությունից հետո օրինագիծը նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել։

Սարգսյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմից դիմել են՝ առաջարկելով, որ այս չորեքշաբթի նախագիծը քննարկվի Փաշինյանի գլխավորությամբ։

«Դա նաև իմ որոշումով է եղել, որ հնարավորություն լինի վարչապետի գլխավորությամբ ևս մեկ անգամ քննարկել»,- նշեց Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ավելի վաղ հնարավորություն չի եղել հարցը քննարկելու, ուստի նախագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։

Լրագրողի հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ Փաշինյանը միջամտում է օրենսդրի գործունեությանը, Սարգսյանը խնդրեց նման գնահատականներից զերծ մնալ։ Չպատասխանեց այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հետքայլ արվի։

Տեսանյութեր

Լրահոս