![](/banners/BeFunky-design.jpg)
«Երեք նախագահ այնտեղ է դատվում, մեկը` այստեղ. Ենթադրում եմ` լավ սինխրոնիզացված ինչ-որ պրոցես է կատարվում». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սինխրոնիզացված գործընթաց է համարում իր դատավարությունն ու Արցախի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը։ Նա այդ մասին հայտարարեց այսօրվա նիստի ժամանակ։
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտին երկար ժամանակ չէին կարողանում հաջորդ նիստի օր նշանակել, որովհետև առաջարկվող օրերը համընկնում էին Լևոն Քոչարյանի դատավարության օրվա հետ, կամ մեղադրյալներից մեկի պաշտպանը երկրում չէր լինելու։
«Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։ Ես իրավունք ունեմ իմ խոսքն արտահայտելու։ Երեք նախագահ այնտեղ է դատվում, մեկը` այստեղ։ Ենթադրում եմ` լավ սինխրոնիզացված ինչ-որ պրոցես է կատարվում»,– նշեց Քոչարյանը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց ու ասաց, որ իրենք այդքան պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` իր մոտ նման կարծիք է ձևավորվել, որովհետև ՀՀ–ում այնպիսի դատաիրավական համակարգ է գործում, որ կամա թե ակամա է այդ միտքը ձևավորվում։