![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի և ԱՄԷ նախագահները քննարկել են ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-Fwc4CsiMPDZzilw.jpg)
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Փարիզի Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև պատմական և ռազմավարական հարաբերությունների տարբեր ուղիները և դրանց ընդլայնման հնարավորությունները, հատկապես՝ տնտեսական, ներդրումային և մշակութային և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել դրանց շուրջ՝ ընդգծելով համատեղ աշխատելու անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում և աշխարհում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու և գլոբալ առաջնահերթություն համարվող ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով։
ԱՄԷ նախագահն ընդգծել է, որ ԱՄԷ-ի և Ֆրանսիայի միջև առկա է արդյունավետ համագործակցություն բազմաթիվ ոլորտներում, հատկապես՝ էներգետիկայի և կլիմային առնչվող ոլորտում, քանի որ երկու երկրներին միավորում է 2022 թվականին ստորագրված էներգետիկայի ոլորտում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:
Նախագահները ներկա են գտնվել Արհեստական բանականության ոլորտում ԱՄԷ-Ֆրանսիա համագործակցության շրջանակի ստորագրման արարողությանը։
Համաձայնագրի նպատակն է ներդրումներ կատարել Ֆրանսիայի 1 ԳՎտ հզորությամբ արհեստական բանականության համալիրում, բացի այդ ստեղծել ռազմավարական գործընկերություն արհեստական բանականության ոլորտում և բացահայտել համագործակցության նոր հնարավորությունները: