![](/banners/BeFunky-design.jpg)
Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/Netanyahu.jpg)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներն արտաքսվեն:
Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Նեթանյահուն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ներկայացրել է Գազայում պատերազմը դադարեցնելու պլան, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի իշխանությունից և նրա առաջնորդները հեռանան հատվածից:
Հարթակի ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ցանկանում է երկարաձգել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի առաջին փուլը, որպեսզի ավելի շատ պատանդների ազատ արձակի։ Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է էլ ավելի շատ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակել:
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ եթե դա հաջողվի, ապա գործարքի երկրորդ փուլի բանակցությունների ընթացքում Նեթանյահուն պլանավորում է ՀԱՄԱՍ-ին առաջարկել պատերազմի դադարեցում Գազայի հատվածում և այն բարձրաստիճան պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, որոնց Իսրայելը չի համաձայնել ազատ արձակել գործարքի առաջին փուլում։
Փոխարենը Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ-ից կպահանջի ազատ արձակել մնացած պատանդներին, հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում, իսկ նրա առաջնորդները, այդ թվում՝ բանտից ազատվածները, աքսորվեն, հայտնել են աղբյուրները։
Միևնույն ժամանակ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ն արդեն համաձայնել է հրաժարվել Գազայի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունից և վերականգման գործընթացի պատասխանատվությունը հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմին կամ անկախ կոմիտեին:
Հրատարակության աղբյուրներից մեկի կարծիքով, սակայն, շանսերը, որ անկլավում գտնվող ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կհամաձայնեն աքսորի, «չափազանց փոքր են»:Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել պատանդների ազատ արձակման ու հրադադարի մասին համաձայնագրի խզման և, ընդհանրապես, պատերազմի վերսկսման։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։