![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում է. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-nZDIdM7wLSYPRaG.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհը խառնված է, գծվում են նոր կանոններ, իսկ Հայաստանի Կառավարությունը, այս դեպքում՝ ի դեմս առողջապահության ոլորտի, խոր թմբիրի մեջ է:
Փակվեց ամենախոշոր դոնոր հանդիսացող USAID-ն, քանի որ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության պետ Իլոն Մասկը հայտարարեց. «Գիտեք, USAID-ն ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ` «ՔՈՎԻԴ 19»-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ հետեւելով անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանին՝ Միացյալ Նահանգները դուրս բերել Առողջապահական համաշխարհային խմբից:
Չինաստանն էլ իր հերթին է ազդարարել, որ կարող է դեմ լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազգային անդամավճարների ծրագրված բարձրացմանը: Կարճ ասած՝ աշխարհը սկսել է մերժել ԱՀԿ-ին, իսկ Հայաստանը դեռ շարունակում է մնալ այդ կազմակերպության անդամ, ավելին՝ ակտիվորեն այնտեղից ինչ-ինչ ծրագրեր ու ապրանքներ է ստանում, դա էլ դեռ ամենը չէ. այդ կառույցի հետ սերտ համագործակցած (գուցե համագործակցող) Արսեն Թորոսյանին Նիկոլ Փաշինյանն իր հետ ԱՄՆ է տարել ՀՀ պետբյուջեի հաշվին: Արսեն Թորոսյանի հովանավորյալ փոխնախարար Լենա Նանուշյանը, ըստ նախարարությունում տարածված կարծիքի, շարունակում է ջանքերը՝ Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու եւ նրա տեղը զբաղեցնելու ուղղությամբ:
ՀՀ իշխանությունները շարունակում են մնալ ոչ ճկուն ու չեն ֆիքսում փոփոխության քամիների ուղղությունները, ինչը շատ արագ անում են հատկապես հարեւանները, դրանով իսկ միշտ ստանում են հարաբերական առավելություն մեր նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանի թիմում չեն հասկանում, որ Միացյալ Նահանգներում փոխվում են նարատիվները:
Դե իսկ «Քովիդի» առնչությամբ քրեական եւ մյուս վարույթները տեղում դոփում են: Իրավապահ համակարգը պարտվում է քաղաքական իշխանությանը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի»: