«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում»
Մոսկվայի հայկական թանգարանում ականավոր նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցին նվիրված դասախոսություն է կազմակերպվել:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանախոսը Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանի եւ Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտի դասախոս, Մոսկվայի նկարիչների միության անդամ Անդրեյ Նովոժիլովն էր:
«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում» խորագրով դասախոսության ընթացքում Նովոժիլովն անդրադարձել է հայ անվանի գեղանկարչի ստեղծագործական առանձանհատկություններին՝ հատկապես ընդգծելով դրանցում առկա գրաֆիկական արվեստի բարձր մակարդակը:
«Սուրենյանցի արվեստի ամենաբնորոշ ու հետաքրքիր գծերից մեկն այն է, որ դրանք ներծծված են այն ամեն նորով, ինչը նա տեսել ու ընկալել է աշխարհի ամենատարբեր անկյուններում գտնվելով։ Եվ հաճախ նրա ուսումնասիրության թեման միջնադարյան մինիատյուրաներն էին։ Նրա կտավները հարուստ են զարդանախշերով, որոնք ցուցադրում են նկարչի նուրբ, հմայիչ աշխարհը: Դրանք պատկերներ ու սյուժեներ են պատմությունից ու դիցաբանությունից, որոնք միահյուսված են հեղինակի տեսլականին։ Նա հմտորեն կարողացել է համատեղել ավանդականն ու մոդեռնիստականը՝ տեսողական տարբեր արտահայտչամիջոցներով ստանալով ինքնատիպ և հրապուրիչ պատկերներ»,- նշել է բանախոսը:
Դասախոսությունն ընթացել է սլայդերի միջոցով նկարչի տարբեր ժամանակներում ստեղծած աշխատանքների ներկայացմամբ, որոնք ուղեկցվում էին տարբեր հարցերի շուրջ թեմատիկ քննարկումներով: