Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով
Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին համարում է Ուկրաինայի ոչ օրինական նախագահ, սակայն, չնայած դրան, պատրաստ է բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր երկրի վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Պուտինը, վկայում է, որ պարոն Զելենսկին դե յուրե ունի մեծ խնդիրներ իր օրինականության առումով, բայց նույնիսկ չնայած դրան, ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ըստ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է ուղիղ բանակցությունների Պուտինի մասնակցությամբ, եթե դա լինի «միակ կոնֆիգուրացիան»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուկրաինական կողմից բանակցություններ վարել կարող է ցանկացած ոք, բայց դրանց արդյունքների հիման վրա փաստաթղթերը պետք է ստորագրեն մարդիկ, որոնց օրինականությունը հաստատված է իրավաբանորեն:
Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի մարտի 31-ին, իսկ մայիսի 20-ին պետության նոր ղեկավարը պետք է երդվեր։
Սակայն Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի պատճառով։