Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ
Իրանն առաջին հերթին շահագրգռված է Սիրիայում ներառական կառավարության ստեղծմամբ և չի շտապում հարաբերություններ հաստատել Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանն առաջին հերթին հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտար օկուպանտների, հատկապես սիոնիստական ռեժիմի արտաքսման օգտին: Մենք նաև շահագրգռված ենք, որ Սիրիայում ժողովրդի շահերին համապատասխան կառավարություն ստեղծվի», – ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Իրանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Թեհրանը Սիրիայի նոր իշխանությունների հետ անպայման հարաբերություններ կհաստատի, սակայն առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է։