ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԿԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը:
Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները
Գործընկերների ուշադրության կենտրոնում են եղել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած ազատազրկվածների ինքնասպանությունների, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումները:
Նրանք անդրադարձել են անազատության պայմաններում գտնվող հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների գնահատմանը, պատշաճ բուժսպասարկման իրականցմանն ու պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողներին ազատություն վերադարձնելուն առնչվող հիմնախնդիրներին:Հանդիպմանը քննարկվել են առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների իրականացման խորքային պատճառները:
Զրուցակիցները միակարծիք են եղել առողջական սպասարկման իրականացման համար նախատեսված առկա պայմանների բարելավմանն ուղղված քայլերի հաջորդականության հարցում, ինչպես նաև կարևորել են ընդհանրական մոտեցումների սահմանումը քաղաքացիական բուժկենտրոններում ազատազրկվածների անվտանգային հարցերի վերաբերյալ:
Ծավալուն անդրադարձ է եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված շուրջ 100 մահճակալային ֆոնդ ունեցող նոր բուժկենտրոնին , որտեղ ցուցաբերվելու է ամբողջական բուժօգնություն, միայն նեղ մասնագիտական միջամտության կարիք ունեցող ազատազրկվածները տեղափոխվելու են համապատասխան քաղաքացիական բուժկենտրոններ: ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկություներով՝ այս պահին ընթանում են«Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնի կահավորման և վերազինման աշխատանքները, նախատեսվում է այն գործարկել գարնանը:Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու գերատեսչությունների համապատասխան աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը, որն ամենօրյա ռեժիմով հետևելու է բուժօգնության տրամադրման և դրան առնչվող հարցերին: