Թրամփը Թեհրանին սպառնում է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշման քաղաքականության շրջանակներում մտադիր է հասնել իրանական նավթի արտահանման դադարեցման:
Այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է հասնել այն բանին, որ «իրանական նավթի արտահանումը հավասարվի զրոյի»։
Նա նաև խոստացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կցանկանար խուսափել Իրանի հետ պատերազմից։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Իրանը կարող է անհավանական ապագա ունենալ, եթե հրաժարվի միջուկային զենք մշակելուց։Դոնալդ Թրամփը նշել է, որ կցանկանար «հրաշալի գործարք» կնքել Իրանի հետ։
Նա ասել է, որ չէր ցանկանա, որ ամեն ինչ ավարտվի աղետալի կերպով, և խաղաղության հույս է հայտնել։ Միևնույն ժամանակ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։
Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա կարող է գործողություններ ձեռնարկել իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա սահմանափակելու ուղղությամբ, Թրամփը պատասխանել էր. «Մենք դա անելու իրավունքն ունենք»։