Բաժիններ՝

Արամոն և Էմմա Պետրոսյանը հին ու նոր երգերով կվերադառնան մեծ բեմ

Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը, որոնց մեծ մենահամերգին երկրպագուները երկար են սպասել, փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ և անակնկալներով։

Արտիստների վերջին մեծ համերգային երեկոն տեղի է ունեցել 2018 թվականին։ «Հետո սկսվեց համավարակը, այնուհետև՝ 44-օրյա պատերազմը։ Այդ ամենից հետո ո՛չ խոսելու, ո՛չ երգելու ցանկություն կար։ Լռությունը հենց այդ մասին էր, որովհետև ապրում էինք Արցախի ցավով։ Փառք ու պատիվ մեր տղաներին, բայց կյանքը շարունակվում է, ապրել, ստեղծագործել է հարկավոր, ուստի տարիներ անց հասունացավ համերգի ժամանակը»,-նշում է Արամոն։

Երեկոյին կհնչեն հեղինակային երգեր, հայտնի կոմպոզիտորների սիրված գործեր՝ նոր շնչով, նոր մեկնաբանությամբ։Արամոն և Էմմա Պետրոսյանն ավելի քան երեսուն տարի միասին են։ Ապրում են, արարում են, սակայն ամեն անգամ բեմ բարձրանալիս նրանց սիրտը թրթռում է։

«Այժմ համերգի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձեր են, անցուդարձ է, և այդ սրտի թրթիռն արդեն կա,  հուզմունքն ակնհայտ է, ինչը բնական է։ Եթե դա չլինի, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Պետք է ժպիտ, սեր, ջերմություն, դրական էներգիա փոխանցել հանդիսատեսին, որը եկել է վայելելու երաժշտությունը։ Կյանքում ևս պետք է սեր փոխանցել։ Տալիս ես այդ սերն ու ստանում ես այն, բացասականն ես տալիս, դա ես ստանում։ Պետք է առաջնորդվել սիրով, Աստծո լույսով»,-հավաստիացնում է արտիստը։

Արամոյի և Էմմա Պետրոսյանի հետ հանդես են գալու հեղինակավոր երաժիշտներ, սկսնակ երգիչներ։

Բեմում նրանց կընկերակցի դաշնակահար, ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, որի հետ Արամոն շուրջ տասնյոթ տարի աշխատում է։ Նրանք նվագում են ջազային տրիոյում Նիկողայոս Վարդանյանի հետ։ Հանդես կգան նաև Գարիկ Սարիբեկյան տրիոն, «Երևան» լարային քառյակը, Gorgeouz Beats-ը, որն, ըստ Արամոյի, հիանալի երիտասարդ է և կարողանում է հրաշալի մեկնաբանել հայտնի կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները, ինչպես նաև երիտասարդ երգիչներ Հրաչյա Խաչատրյանն ու Նարե Էլիզբարյանը։ «Հրաչյան և Նարեն Էմմայի ուսանողներն են։

Նարեի հետ կերգեմ ջազային ստանդարտ, իսկ իմ հեղինակային «Կտավ» երգը Էմման կկատարի Հրաչյայի հետ, որն արդեն ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան քոլեջը։ Նրանց առաջին մեծ բեմելը կլինի մեզ հետ, և մենք պարտավորվում ենք աջակցել սկսնակ ու տաղանդավոր երգիչներին, երգչուհիներին, ուստի մեր համերգներին կմեծանա նրանց ներկայությունը։ Պետք է  ճանապարհ հարթել նրանց համար, ճիշտ ուղղու վրա դնել, որպեսզի հայ երգը, երգարվեստն առաջ տանեն»,-ասում է Արամոն։

Համերգին հանդես կգան նաև դաշնակահար Մադաթ Ավանեսովը, սոլո կիթառահար Արամ Վարդանյանը, բաս կիթառահար Էդգար Ավետիսյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, զուռնա, բլուլ` Ավագ Մարգարյան,հարվածայիններ` Գևորգ Հարությունյան:

Համերգային երեկոյի ընդմիջմանը գինու և շամպայնի հյուրասիրություն է սպասվելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս