Իշխանությունները սիրաշահում ու ծառայում են թուրք-ադրբեջանական տանդեմին. Արմեն Ռուստամյան
Սա Ադրբեջանին սիրաշահելու այս իշխանությունների հերթական դրսևորումն է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արցախցի Ղարիբ Բաբայանի ձերբակալմանը, ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Այստեղի կատարվածը համահունչ է Ադրբեջանից հնչող հայտարարություններին։ Ուզում են Ադրբեջանի մոտ արդարանալ և ասել, որ այստեղ ինչ կատարվում է, իրենք դրա հետ կապ չունեն։ Ամեն ինչ չափ ունի։ Բաբայանին կալանավորելու որևէ հիմք գոյություն չուներ, այդտեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Սա քաղաքական ենթաստեքստ ունի։ Չէին սպասում, որ նման հասարակական ինքնաբուխ ընդվզում կլինի։
Դանակը ոսկորին է հասել։ Այս այլանդակությունն էլ փաստեց, որ սա ծաղր է արդարադատության նկատմամբ, մեր հայ տեսակի նկատմամբ։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես են այս իշխանությունները ծառայում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին»,-հավելեց պատգամավորը։