Մոսկվայի էլիտար բնակելի համալիրներից մեկում պայթյունի հետևանքով հայ է զոհվել
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Արտակարգ ծառայություններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ զոհվածը տղամարդ է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս չորս մարդ տուժել է։
Մոսկվայի դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ գերատեսչությունը հետևում է Ավիացիոննայա փողոցի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը։
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չի նշվել, թե որ հոդվածով։
Interfax.ru-ն գրում է, որ շենքում պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարգսյանը, որը գլխավորում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիրն է։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
«Ինտերֆաքս»-ի մեկ այլ զրուցակից ավելի վաղ հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, շենքի մուտքի մոտ նռնակ է պայթել։