Բաժիններ՝

Կանադան պատասխան 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող պարենի, զենքի, մեքենաների, ալկոհոլի նկատմամբ

Կանադան փետրվարի 4-ից կբարձրացնի Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ ի պատասխան կանադական ապրանքների նկատմամբ Վաշինգտոնի կողմից 25% մաքսատուրքերի սահմանման։

Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարությունը։

25% մաքսատուրք կսահմանվի 155 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի, մրգերի ու բանջարեղենի, նարնջի հյութի, գինիների, գարեջրի, սպիրտային ըմպելիքների, սուրճի նկատմամբ։ Բացի այդ, մաքսատուրքեր կսահմանվեն ուղևորատար մեքենաների, բեռնատարների և ավտոբուսների, էլեկտրամեքենաների, մոտոցիկլետների, երկաթե և ալյումինե ապրանքների, կոսմետիկայի, թղթի, կոշկեղենի, հագուստի, ռումբերի, ականների, հրթիռների, նռնակների և մի շարք այլ ապրանքների նկատմամբ։

«Բոլոր տարբերակները մնում են սեղանին, մինչ կառավարությունը դիտարկում է լրացուցիչ միջոցները, ներառյալ ոչ մաքսատուրքային տարբերակները, եթե ԱՄՆ-ն շարունակի Կանադայի նկատմամբ չհիմնավորված մաքսատուրքեր կիրառել», – գրված է Կանադայի կառավարության տարածած հայտարարության մեջ։

Փետրվարի 1-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանում է 25% մաքսատուրքեր, ինչպես նաև 10% մաքսատուրքեր՝ էներգետիկայի ոլորտին առնչվող ապրանքների նկատմամբ. ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին։

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25%, իսկ Չինաստանի ներկրվող ապրանքների նկատմամբ 10%  մաքսատուրքեր սահմանելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս