Հուսանք` ի տարբերություն գործով քննիչի ու դատախազի, դատավորի մոտ մնացած կլինի մի փոքր արժանապատվություն. Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ գրել է. «Ուրեմն, մի քանի օր առաջ տարածվում է տեսանյութ, որ մի խումբ ադրբեջանցիներ հրապարակում երգում են: Նյութը վրդովմունքի ալիք է բարձրացնում, սակայն հետագայում ԱԱԾ-ի կողմից հերքումներ են տրվում, թե տեսանյութը նոր չի, բայց այդ էլ երգողները Իրանից են եկել /ինչը չի բացառում նրանց ադրբեջանցի լինելը/:
31.01.2025թ. ԱԱԾ-ն հերթական հայտարարությունն է տարածում այն մասին, որ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ն հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով, ինչի պատճառով ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Իհարկե ԱԱԾ-ում քթածակ ունեցող մարդ չկա, որ տեքստը այնպես ձևակերպեն, որ վրդովմունքի նոր ալիք չբարձրանա:
Ի տարբերություն ԱԱԾ-ի` այսօր Քննչական կոմիտեի արված հայտարարությունից հասկացվում է, որ Ղ.Բ.-ն /Ղարիբ Բաբայանը/ մեղադրվում է ոչ թե ադրբեջանցիների, այլ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութի և հրապարակային խոսքի համար:
Առաջին հայացքից կարող էր և այդպես լինել, եթե չնայենք, թե ինչ խոսքի համար է վերջինս հետապնդվում:
«Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում առկա ռուսերեն գրառման մեջ նշված է / բնօրինակը մեկնաբանություններում/
1. Իսկ ուր է մեր քաջարի ոստիկանությունը: Թե այն կարող է միայն ծեծել մեր զոհված զինվորների մայրերին Եռաբլուրում:
2. Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս ծախու տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այսքան լկտի են պահում։
3. Հայեր Հայաստանում, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչու եք լռում, ինչու եք հանդուրժում այս դավաճան ու ծախու իշխանությունների բոլոր ծաղրանքները ձեր նկատմամբ։ Մինչեւ ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։
Կարևոր է նշել, որ հրապարակումը չի պարունակել բռնության կոչեր, իսկ եթե նույնիսկ պարունակել է մասնակի ապատեղեկատվություն, ապա տեսանյութում երևացող իրադրությունը կարող է վրդովմունքի արդարացի պատճառ հանդիսանալ ինչպես հրապարակման հեղինակի, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար, իսկ քննադատությունը, եթե նույնիսկ պարունակի հասցեական վիրավորանք, կարող է գնահատվել միայն քաղաքացիական հայցի սահմաններում դատարանի կողմից:
Արդյունքում, անձի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում ոստիկանությանը հանցագործություն կատարելու համար ամոթանք տալու, իսկ իշխանություններին դավաճան անվանելու համար, ինչն ակնհայտ քաղաքական հետապնդում է: Ներկայացվել է անձին կալանավորելու միջնորդություն:
Հուսանք, որ ի տարբերություն գործով քննիչի ու դատախազի, դատավորի մոտ մնացած կլինի մի փոքր արժանապատվություն»: