
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակում. 5 վիրավոր կա, այդ թվում՝ ընտանիքի անդամներ և անչափահաս

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս: