
Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա. Օրբանը նշել է պայմանը

Եթե Եվրահանձնաժողովը չկատարի էներգետիկ անվտանգության վերաբերյալ տրված երաշխիքները, ապա Հունգարիան կես տարի անց վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա։ «Kossuth» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը Եվրահանձնաժողովից էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել, առանց որոնց հրաժարվում էր երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Նա նշել էր, որ ԵՀ-ն պարտավորվել է պաշտպանել գազամուղներն ու նավթամուղերը, որոնցով ՌԴ-ից հումքը գնում է Եվրամիության անդամ երկրներ, ինչպես նաև Ուկրաինայից պահանջել է ԵՄ նավթի մատակարարումների պահպանման երաշխիքներ:
«Պատժամիջոցների մասին որոշում է ընդունվում վեց ամիսը մեկ։ Եվ եթե ԵՀ-ն չկատարի երաշխիքները, ապա մենք ոչ միայն կխոսենք պատժամիջոցների չեղարկման մասին, այլև կվերացնենք դրանք։ Ու եթե Եվրահանձնաժողովը չիրականացնի այն, ինչի մասին պայմանավորվել ենք, ուրեմն վե՛րջ պատժամիջոցներին», – ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ պայմանավորվածությունների գլխավոր կետը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման շուրջ բանակցություններն են: