«Շիրակ»-ն արձագանքել է ՀՖՖ-ին
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների վերաբերյալ:
«Ասել ենք մինչ այս, պնդում ենք նաև հիմա. ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Հետևաբար, միակ բանը, որը պետք է անեն ՀՖՖ գործող ղեկավարները, հեռանալն է ու դա օր առաջ անելը: Թերևս, միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել հայկական ֆուտբոլը առողջացնելու մասին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին:
ՀՖՖ-ն ակնկալում է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից:
Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։
Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը: