Ջրծաղիկի դեմ պատվաստումները կսկսվեն փետրվարից. Ավանեսյան
Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը փետրվարից կմեկնարկի։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ 2024 թվականից է Հայաստանում ներդրվել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը։
Պատվաստանյութերը ձեռք է բերում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Առաջին խմբաքանակը նախորդ տարվա նոյեմբեր ամսին է ներկրվել Հայաստան։
«Ջրծաղիկի մասով, բռնկումային իրավիճակ վերջին տարիներին չեմ հիշում։ Ամեն տարի էլ դեպքեր գրանցվում են, բայց մեր քաղաքականությունն էլ ուղղված է, որ պատվաստումների միջոցով հիվանդությունը կանխարգելենք։ Արդեն պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը ստացել ենք, այժմ երկու խմբաքանակն էլ ընդունման–հանձնման ավարտական փուլում են։ Այս տարի փետրվարից արդեն պատվաստումները կսկսենք»,– նշեց Ավանեսյանը։
Ըստ Ավանեսյանի` առողջապահության նախարարությունը շատ խիստ, մանրակրկիտ փորձաքննում է բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը և ընդունում է դրանք միայն լիարժեք վստահ լինելով, որ պահպանված են անհրաժեշտ տեխնիկական բոլոր պայմանները։