ԱՄՆ փոխնախագահը պաշտպանել է Թուլսի Գաբարդի թեկնածությունը
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունների բյուրոկրատները «վերահսկողությունից դուրս են եկել» և հանդես է եկել ի պաշտպանություն Թուլսի Գաբարդի, այս ծառայություների ղեկավարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածուի, որպես այդ աշխատանքի համար պիտանի մարդու։
«Մեր հետախուզական ծառայությունների բյուրոկրատները լիովին դուրս են եկել վերահսկողությունից,- ասել է Վենսը CBS-ին տված հարցազրույցում։- Նրանք մեր քաղաքական, ինչպես նաև արդարադատության համակարգերը զենքի վերածելու գործընթացի մի մասն են եղել: Մեզ պետք են լավ հետախուզական ծառայություններ, որոնք ապահովում են մեր անվտանգությունը, բայց այդ գործի մի մասը այդ ծառայությունների նկատմամբ վստահության վերականգնումն է, և մենք կարծում ենք, որ Թուլսին հարմար մարդ է դա անելու համար»:
Նախկին դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գաբարդը հետախուզության քիչ փորձ ունի և նախկինում քննադատել է Թրամփին: Սակայն նրա կողմնակիցներն ասում են, որ նա առողջ թերահավատություն ունի ԱՄՆ արտաքին ռազմական միջամտության հարցում, ինչը համահունչ է Թրամփի «Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականությանը:
Պատասխանելով Գաբարդի հասցեին, նույնիսկ պահպանողական շրջանակների կողմից քննադատության մասին հարցին, Վենսն ասել է, որ վստահ է, որ Գաբարդը կհաստատվի ԱՄՆ Սենատի կողմից:
Սենատի հետախուզության հանձնաժողովը նրա թեկնածության վերաբերյալ լսումները նշանակել է հունվարի 30-ին։
«Երկու կարևոր բան, որ պետք է իմանալ Թուլսիի մասին։ Նախ և առաջ, նա պրոֆեսիոնալ զինվորական է, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել գրեթե երկու տասնամյակի ընթացքում,- ասել է Վենսը:- Նա անբասիր բնավորություն, անբասիր ծառայողական ցուցակ ունի, և նաև մեկն է, որն, ըստ իս, որոշակի վստահություն կվերադարձնի հետախուզական ծառայությունների նկատմամբ»: