Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող Լա Մանշը վերանվանել Ջորջ Վաշինգտոնի պատվին
Միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող Լա Մանշը վերանվանել Ջորջ Վաշինգտոնի անվան ջրանցք՝ ի պատիվ ԱՄՆ առաջին նախագահի (1789-1797 թթ.)։
«Նոր անվանում Անգլիան Ֆրանսիայից բաժանող ջրանցքի համար»,- գրել է Մասկը X-ում։ Գրառմանը կից նա հրապարակել է նաև Լա Մանշի արբանյակային պատկերը՝ «Ջորջ Վաշինգտոնի ջրանցք» վերտառությամբ։
Օրերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշումներ էր կայացրել մի շարք աշխարհագրական օբյեկտների վերանվանման վերաբերյալ։ Իր երդմնակալությունից կարճ ժամանակ անց նա ստորագրել է հրամանագիր, որով Մեքսիկական ծոցը վերանվանվել է Ամերիկյան ծոց: Որպես փաստարկ՝ նա նշել է այն փաստը, որ սա «աշխարհի ամենամեծ ծոցն է, որն առանցքային նշանակություն ունի ամերիկյան տնտեսության համար»։ Թրամփը նաև կարգադրել է վերադարձնել Ալյասկայում գտնվող Դենալի լեռան հին անվանումը՝ այսուհետ այն կրկին կոչվելու է ՄաքՔինլի՝ ի պատիվ ԱՄՆ 25-րդ նախագահի։