Թուրքիայում ամենաէժանը մարդու կյանքն է
Թուրքիայի ընդդիմադիր «Halk TV» լրատվական կայքի վերլուծաբան Բիքրեթ Բիլան հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Թուրքիայում մարդու արժեքին։ Վերլուծաբանը օրինակներ է բերում ու նշում, որ Թուրքիայում ամենաէժանը մարդկային կյանքն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եթե ասեք՝ «փո՞ղ, թե՞ մարդկային կյանք»
Պատասխանը «փողն» է:
Եթե հարցնեք՝ «աթո՞ռ, թե՞ մարդկային կյանք»:
Պատասխանը «աթոռն» է։
Ցավոք սրտի, այդպես է Թուրքիայում։
Թուրքիայում մարդը բնավ բարձրագույն արժեք չէ»։
Հիշեցնելով օրեր առաջ Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով մահացել է 78 մարդ, թուրք վերլուծաբանը բազմաթիվ օրինակներ է բերում՝ սկսած շինարարության ոլորտի գողություններից մինչև ենթակառուցվածքների անփույթ վիճակը և շեշտում, որ տնտեսական շահերն ավելի կարևոր են դարձել, քան մարդկային կյանքը։
Ըստ հոդվածի հեղինակի, եթե մարդկային կյանքը էժան չլիներ, կապալառուն կարո՞ղ էր շինանյութեր գողանալ, կամ կարո՞ղ էր կտրել շենքի սյուները՝ բնակարանից ներքև գտնվող խանութը մեծացնելու համար։
Բիքրեթ Բիլանը այնուհետև մեջբերում է ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուի խոսքերը․ «Եթե ուզում ես երկիրը ճանաչել, տես, թե ինչպես են մահանում այդ երկրի մարդիկ»: Թուրքիայում մարդիկ մահանում են «ավելի շատ շահույթի ու ավելի քիչ ծախսերի» համար ու ովքեր պատախանատու են, երբեք պատասխանատվության չեն ենթարկվում։
Ըստ նրա՝ Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության կողմից անվտանգության ստուգումները թերի են կատարվում։ Քննադատելով կառավարությանը՝ վերլուծաբանը խոսել է կառուցվածքային խնդիրներից, որոնք հանգեցնում են Թուրքիայում մարդկային կյանքի արժեզրկմանը։