Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի հաջողվի հեշտությամբ ավարտել, քանի դեռ աշխարհում նավթի գները բարձր են մնում: Այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ընթացքում` պատասխանելով լրագրողների հարցերին:

Թրամփը շեշտել է, որ նավթի բարձր գները նպաստում են պատերազմի շարունակմանը։

«Մենք ցանկանում ենք, որ ՕՊԵԿ-ն իջեցնի նավթի գները։ Դա կարող է ինքնաբերաբար դադարեցնել ողբերգությունը, որը տեղի է ունենում Ուկրաինայում։ Նավթի գների նվազեցումը կթուլացնի պատերազմի ֆինանսական հիմքերը և կբացի խաղաղության հասնելու ուղին»,- ասել է նա։

Թրամփը խոսել է պատերազմի մարդկային կորուստների մասին՝ նշելով, որ զոհերի թիվն աճում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմում։

«Զոհվել են մեծ թվով զինվորներ և խաղաղ բնակիչներ։ Սա արյունալի ողբերգություն է երկու կողմերի համար։ Շաբաթական հազարավոր մարդիկ են կորցնում իրենց կյանքը։ Սա խենթ պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար»,- ընդգծել է նա։

Նա ՕՊԵԿ-ին կոչ է արել արագ քայլեր ձեռնարկել նավթի գները նվազեցնելու ուղղությամբ, ինչը, նրա կարծիքով, կօգնի դադարեցնել հակամարտությունը։

«Եթե նավթի գները նվազեն, այս պատերազմը անմիջապես կդադարի»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս