Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել․ «Փաստինֆոն»
Նախօրեին Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ թալանել են իր տունը, տարել են ոսկյա զարդեր, կանխիկ դրամ, ընդհանուր վնասը կազմել էր 7.5-8 մլն դրամ, ընդ որում՝ գողացվել էր նաև 3 մլն դրամ կանխիկ գումար։
«Փաստինֆոն» առանձնացրել է Հրաչյա Հակոբյանի 2024 թ-ին ներկայացրած 2023 թ-ի տարեկան հայտարարագիրը։ Հատկանշական է, որ ոսկյա զարդեր Հակոբյանը չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է 2.5 մլն դրամ կանխիկ գումար։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 1 հողամաս և 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ նրա հայտարարագրում այդ ժամանակ չկային ո՛չ դրամական միջոցներ, և ոչ էլ եկամուտներ։
Արդեն 2024 թվականին նա հայտարարագրել է 7 անշարժ գույք, այդ թվում՝ 2005 թվականին գնված երկու հողամաս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, որոնք տնօրինում է միանձնյա:
2012 թվականին որպես ժառանգություն ստացած և բաժնային սեփականություն հանդիսացող բնակարան Շենգավիթ վարչական շրջանում և նույն թվականին գնված մեկ այլ բնակարան դարձյալ նույն համայնքում, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։
Երկար ընդմիջումից հետո արդեն 2020 թվականին Հրաչյա Հակոբյանը միանգամից ձեռք է բերում հողամաս և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն, որոնք տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։ 2 անշարժ գույքն էլ պատգամավորը ձեռք է բերել Ձորաղբյուրում։
2021 թվականին նա ձեռք է բերում ևս մեկ հողամասի վրա կառուցված նհատական բնակելի տուն է գնում՝ դարձյալ Ձորաղբյուրում։
2023 թվականի մայիսին Հրաչյա Հակոբյանը գնել է 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենա, որի համար, ըստ հայտարարագրի, վճարել է 18 միլիոն դրամ։
Պատգամավորը բանկային հաշվի մնացորդներ է գրանցել մի քանի բանկում, մասնավորապես տարեվերջին նրա մի բանկային հաշվին եղել է 11 600 դոլար, մյուսի վրա 2 000 եվրո, երրորդի վրա՝ կազմելով ավելի քան 3.2 մլն դրամ։
Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները՝ 11 միլիոն 274 հազար դրամի չափով, գոյացել են ինչպես ԱԺ-ից ստացած աշխատավարձից, որը կազմել է 9 միլիոն 834 հազար դրամ, այնպես էլ՝ հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներից, որոնց հետ ունեցած դատական վեճերը հօգուտ իրեն են լուծվել։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 միլիոն 842 974 դրամ։ 2023 թվականին վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 15 միլիոն 795 977 դրամ։
Նիկոլ Փաշինյանի աներձագը նաև հայտարարագրել է Բ26 ՍՊԸ-ում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը