
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանում իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի մասին, երբ բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։ Ըստ Դեմիրչիլուի՝ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։
Դեմիրչիլուն ընդգծել է, որ նման միջադեպերը վնասում են երկու ժողովուրդների միջև փոխվստահությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Նա պահանջել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին՝ այդպիսով վերականգնելով արդարությունը և կանխելով նման դեպքերի կրկնությունը:
Մոջթաբա Դեմիրչիլուն հատուկ անդրադարձ է կատարել նաև հոգևորականների և աստվածաբանների բարձր կարգավիճակին երկու ժողովուրդների մշակույթներում՝ շեշտելով, որ անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել և վճռականորեն արձագանքել ցանկացած վիրավորանքին կամ պառակտիչ գործողությանը: Նա ընդգծել է, որ այսպիսի միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից և կարող են խոչընդոտել երկարաժամկետ հարաբերությունների զարգացմանը:
Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել նմանատիպ դեպքերի համար՝ հավաստիացնելով, որ այդ հարցը կքննարկվի իր երկրի իշխանությունների հետ: Նա նաև վերահաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խորացնելու հարաբերությունները և պաշտպանելու փոխադարձ շահերը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։