
Մեծանում է միջուկային տերությունների միջև բախման վտանգը. Շոյգու

Աշխարհում մեծանում է միջուկային տերությունների միջև բախման վտանգը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Աշխարհում աճող հակամարտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության սրման ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև դաժան բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ»,- նշել է նա։
Շոյգուի խոսքով՝ Արևմուտքի երկրները Ռուսաստանի և Բելառուսի դեմ «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել և փորձում են հարված հասցնել ոչ միայն տնտեսական պատժամիջոցների միջոցով, այլև ապակայունացնել երկրների ներքաղաքական իրավիճակը:
Միևնույն ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ Արևմուտքի նման պահվածքն ազդում է ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի վրա, այլև բացասաբար է անդրադառնում միջազգային իրադրության վրա:
«Միջազգային կառույցների ակտիվ արժեզրկում է ընթանում, դրանք գնալով ավելի են դառնում քաղաքական գործիքներ։ Փորձ է արվում խափանել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխմանն ուղղված միջազգային ջանքերը և տիեզերական տարածությունը վերածել զինված դիմակայության նոր ոլորտի», – ասել է նա: