
ՀԱՊԿ-ը Հայաստանին դաշնակից է համարում և Երևանի հետ գործակցում է աշխատանքային ռեժիմով. ներկայացուցիչ

Չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը՝ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
Նշենք, որ երեկ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց էր հրապարակել և նշել` քիչ հավանական են գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։
«Այո՛, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին։ Սակայն մենք Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակից և շարունակում ենք գործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», – նշել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, ըստ նրա, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում երկրի ինքնիշխանության համար։