Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ
Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասն անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նախաձեռնած «Եվրաքվե» նախաձեռնությանը՝ որպես ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ։
Հունվարի 23-ին Երևանում մեկնարկած Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը նա ընդգծեց, որ ժողովրդավարական գործընթացները շատ ավելի հզոր գործիք են, քան ավտոկրատական որոշումները։
«Ժամանելով Երևան՝ ունեմ նոր օրինակ։ Ձեր քաղաքացիները ստորագրություն են հավաքել՝ ուղղված կառավարությանը և խորհրդարանին՝ եվրոպական ինտեգրման գործընթաց սկսելու առաջարկությամբ։ Այժմ տեսնում եմ, որ կառավարությունն աջակցում է այս նախաձեռնությանը, և այն կլինի քննարկման առարկա խորհրդարանում։ Սա վկայում է, որ, լինելով ժողովրդավարական երկիր, կարող ենք հասնել միասնականության թե՛ քաղաքական կուսակցությունների, թե՛ հասարակության շրջանում»,- նշեց Օլեկասը։
Նրա կարծիքով՝ ժողովրդավարությունը լավագույն միջոցն է ուժեղ և խաղաղ միջավայր ստեղծելու համար։
«Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարությունը նպաստում է խաղաղության և բարեկեցության հաստատմանը։ Այսօր Եվրամիությունն այն տարածաշրջանն է, որտեղ մարդիկ ապրում են խաղաղ, և ժողովրդավարությունը հիմք է դարձել այդ միջավայրի ձևավորման համար»,- նշեց նա։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ Նախագիծը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստորագրահավաք էր սկսել Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել էր օրենքով սահմանված ժամկետում հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, որպեսզի հնարավոր լինի օրինագիծը ներկայացնել ՀՀ կառավարության և խորհրդարանի քննարկմանը։