Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես միջխորհրդարանական համագործակցության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության վերաբերելի հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ակտիվ փոխգործակցությունն ու երկխոսության ընդլայնումը, ինչը նպաստում է ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է ԵՄ երկրների աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում և շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը՝ ռեֆորմների հավակնոտ օրակարգն արդյունավետ իրականացման գործում:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը և նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի: Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս