Միջազգային կառույցները ԵԽԽՎ-ին կոչ են անում չվերականգնել Բաքվի լիազորությունները, կամ պայմաններ դնել

Միջազգային իրավապաշտպան կառույցները ԵԽԽՎ-ին կոչ են անում չվերականգնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կամ վերականգնել բացառապես «հստակ պայմաններով»։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։

Տասը միջազգային կազմակերպություններ ԵԽԽՎ-ին հղած նամակում պնդում են, որ Ալիևի վարչակազմը չի համագործակցում միջազգային մեխանիզմների հետ, չի լուծում մարդու իրավունքների համակարգային խախտումները, վերջին մեկ տարվա ընթացքում էլ հրաժարվել է համագործակցել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։

Նամակը հեղինակած կազմակերպություններն, այդ թվում՝ Freedom now-ն, Human Rights House հիմնադրամը, Human Rights Watch-ն ընդգծում են, որ ադրբեջանական պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն նախ պետք է անհապաղ ազատ արձակի բանտարկված քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին, իրավապաշտպաններին։

ԵԽԽՎ-ը 2024-ի հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։

Բաքուն կառույցի անդամ է 2001-ի հունվարի 25-ից։

ԵԽԽՎ-ն իր այդ աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ էր նշել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, թե ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել»։

Տեսանյութեր

Լրահոս