Հայաստանը 40 մլն վարկ է վերցնում՝ էներգետիկ ենթակայանները նորոգելու համար

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի օգոստոսին, և ՎԶՄԲ-ն համաձայնել է տրամադրել 40 մլն դոլարի վարկ։

Ծրագրի նպատակներն են վերականգնվող էներգետիկայի զարգացում՝ ընդլայնելով դրա ծավալներն ու ինտեգրումը էլեկտրահաղորդման ցանցում, էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացում՝ ապահովելով դրանց հուսալիությունը և կայունությունը, էլեկտրահաղորդման ընկերության առևտրային կենսունակության բարձրացում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել հետևյալ ենթակայանները՝«Շահումյան-2» (220/110/10 կՎ), «Մարաշ» (220/110/10 կՎ), «Եղեգնաձոր» (220/110/35 կՎ):
«Կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները: Այս ենթակայանները կառուցվել են դեռևս 1960-70-ականներին: Ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի:

Շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները բացի հին և մաշված լինելուց չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ:

Ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները 40-ից ավելի տարիներ շահագործման մեջ գտնվելով քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը։

Ակնկալվում է, որ կնվազեցվի էներգահամակարգի վթարայնությունը, կբարձրացվի էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատվի շահագործման ծախսերը։
Վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ։

Տեսանյութեր

Լրահոս