Ինչպե՞ս լրացնել հայտարարագիր. Ինեսա Վարդանյանը ուղեցույց է ներկայացրել
Իրավաբան Ինեսա Վարդանյանը գրում է.
«ՄԻՆՉԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ պետք է ունենանք՝
1․նույնականացման քարտ՝ ID (առանց սրա չի լինի)
2․էլեկտրոնային ստորագրություն։ Կա 2 եղանակ
-Բջջային հեռախոսի միջոցով։ Պարտադիր պետք է ունենալ ID քարտ և իհարկե բջջային հեռախոս։ Մոտենում եք սպասարկման ցանկացած կենտրոն և հեռախոսի քարտը փոխարինում նոր ID sim քարտով և ակտիվացնում էլեկտրոնային նույնականացումը (ծառայության արժեքը՝ 500 դրամ)։
– Կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով՝ էկենգի միջոցով։ Սրա համար պարտադիր է ID քարտ՝ PIN և PUK ծածկագրերով և իհարկե սարք (3.000 դրամ)։
3․ Ձեռք եք բերում ՀՎՀՀ։ Կա երկու եղանակ՝
– կամ էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ-ի կայք հետևյալ հղմամբ՝ https://src.am/am/physical
– կամ այցելել ՊԵԿ սպասարկման որևէ կենտրոն։
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ՝
Անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ-ի կայք www.src.am, ընտրել «ֆիզիկական անձ» բաժինը և «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժինը։
Հայտնվում ենք «Ես եմ» համակարգում։ Կամ միանգամից կարող ենք մտնել այս հղմամբ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/
Ես եմ համակարգում նշում եք ՀՎՀՀ-ն, օգտվողի անուն գաղտնաբառ և սեղմում «համաձայնվում եմ» և մուտք գործում։ Եվ լրացնում եք 6 բաժինները՝
ԲԱԺԻՆ 1
Այստեղ գործատուից ստացված եկամուտներն են։ Այստեղ տեղեկատվությունն ինքնաշխատ է, այսինքն արդեն իսկ լրացված է։
ԲԱԺԻՆ 2
Այստեղ նշվում են ֆիզիկական անձի ստացած նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտները, որոնք հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։ Օրինակ վարկ, փոխառություն և այլն։
ԲԱԺԻՆ 3
Երրորդ բաժինը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին, որոնք ևս պետք է լրացնենք մենք։ Օրինակ, եթե ունենք վարձակալությամբ հանձնված անշարժ գույք, ապա «Վարձավճար» դաշտում պետք է լրացնենք տարվա ընթացքում ստացած եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
Եթե պարզ, ապա լրացնում ենք քաղաքացիաիրավական պայմանագրերից ծագած բոլոր եկամուտները։
ԲԱԺԻՆ 4
Այս բաժնում ներառված են սոցիալական ծախսերը, որոնք կրկին լրացվում են ինքանաշխատ։
Սոցիալական ծախսերն են առողջության ապահովագրական փաթեթը կամ ուսման համար կատարված վճարումները Հայաստանում գործող կրթական հաստատություններում։ Սա ևս կարևոր է լրացնելը, քանի որ կատարված սոցիալական ծախսից մենք կարող ենք ստանալ գումարի փոխհատուցում։
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամը։
ԲԱԺԻՆ 5
Հինգերորդ բաժնում ինքնաշխատ լրացվում է պետական բյուջե վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը։
Ինքնաշխատ լրացվում են նաև փոխհատուցված գումարները, օրինակ՝ հիփոթեքային վարկի տոկոսների գծով, ուսման վարձի փոխհատուցման ենթակա վերադարձված գումարները և այլն։
ԲԱԺԻՆ 6
Վեցերորդ բաժինը ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է, որը քաղաքացին լրացնում է կամավոր, և այն առաջացնում է պարտավորություն»։