
ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում

Թուրքիայի ընդդմադիր «Sözcü» լրատվամիջոցն անդրադարձել է ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարին։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետքարտուղար է նշանակվել հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ում նշանակումը տվյալ պաշտոնում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում։ Ընդդիմադիր լրատվամիջոցի նշմամբ՝ Ռուբիոն հայտնի է հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Sözcü»-ն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունները։
Մասնավորապես Ռուբիոն նշել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան անցում է կատարել ավտորիտար իշխանության և այդ երկրում մարդու իրավունքների խախտումները գնալով ավելանում են։
Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։
2017-ին Ռուբիոն նշել էր, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես ԱՄՆ-ի դաշնակից, ուրեմն պետք է գործի դաշնակցի պես։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին՝ Ռուբիոն ընդգծել էր, որ այդ գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը և վնաս հասցնում ահաբեկչության դեմ պայքարին։
Նա նաև նշել էր, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանձնառություններին։ Այս ամենից ելնելով՝ թուրքական լրատվամիջոցը Մարկո Ռուբիոին անվանել է «Թուրքիայի թշնամի»։