
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում

Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդգծվում է, որ չնայած Թրամփը պատմության էջերում մնացել է որպես միակ ԱՄՆ նախագահ, ով Թուրքիայի դեմ 5 անգամ պատժամիջոց է սահմանել, ակնկալիք կա, որ թուրքական կողմի նկատմամբ դրական քաղաքականություն է վարելու:
«Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ժամանակաշրջան է սպասվում»: Տարածվող նման տեսակետը հիմնավորվում է Թրամփի խոսքերի մեջբերմամբ.
«Էրդողանն իմ բարեկամն է և ես հարգում եմ նրան: Կարծում եմ՝ նա էլ ինձ է հարգում»:
Բացի այդ, ընդգծվում է այն միտքը, որ Թրամփն անուղղակիորեն գովաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայում իրականացրած քաղաքականության համար, իսկ Իրանին և ՌԴ-ին համարել այդ երկրում արդեն իսկ թուլացած դերակատարներ:
Մամուլում ուշադրություն է հրավիրվում նաև Սիրիայում գործող քուրդ զինյալների և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցության վրա: Նշվում է, որ հատկապես այդ ուղղությամբ Թրափմի վարած քաղաքականությունը որոշիչ կլինի Թուրքիայի համար:
Հավելենք, որ չնայած թուրքական մամուլում տարածվող նման վերլուծությունների և կարծիքների, Էրդողանը, այնուամենայնիվ, հրավիրված չէ8 Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: