Թրամփի առաջին խոսքերը որպես նախագահ. Փոփոխությունների ալիք է գալիս դեպի ԱՄՆ և աշխարհ
Ամերիկայի ոսկե դարն այժմ սկսվում է։ Այս մասին հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս օրվանից մեր երկիրը բարգավաճելու է և կրկին հարգանքի է արժանանալու ամբողջ աշխարհում։ Բոլոր պետությունները կնախանձեն մեզ, մենք թույլ չենք տա մեզ օգտագործել իրենց շահերի համար։
Մենք այնպես կանենք, որ Ամերիկան միշտ առաջին տեղում լինի։ Մեր ինքնիշխանությունը կվերադարձվի, մեր անվտանգությունը կվերականգնվի, արդարադատությունը կրկին կհաստատվի, և Արդարադատության դեպարտամենտի քաղաքական նպատակներով օգտագործմանը վերջ կդրվի։
Մեր հիմնական խնդիրն է ստեղծել մի պետություն, որը կբարգավաճի, Ամերիկան կդառնա էլ ավելի մեծ, նույնիսկ ավելի հզոր, քան եղել է պատմության ցանկացած ժամանակում։
Մենք սկսում ենք ազգային հաջողության նոր դարաշրջան, փոփոխությունների ալիք է գալիս մեր երկիր, և այն կընդգրկի ողջ աշխարհը:
Ամերիկան կօգտագործի այդ հնարավորությունները, ինչպես երբեք պատմության մեջ:
Բայց նախ պետք է վերլուծել մեր առջև ծառացած խնդիրները։ Դրանք շատ են, բայց մենք կկարողանանք հաղթահարել դրանք, ինչը թույլ կտա մեզ վերադարձնել ԱՄՆ-ի մեր հպարտ անունը։
Համակարգը խլել է իշխանությունը մեր ժողովրդից, մեր հասարակության կառուցվածքն է քանդվել։
Մենք ունեինք կառավարություն, որը չկարողացավ հաղթահարել մեր երկրի ներսում առկա ճգնաժամը։ Կարելի է նշել նաև արտասահմանում տեղի ունեցած մի շարք աղետալի իրադարձություններ»,- նշել է նա։