Թուրքիայի «հաջողակ քաղաքական գործիչների» ցանկը գլխավորում է ընդդիմադիր գործիչը
Ստամբուլի «Türkiye Raporu» հետազոտական ընկերությունը, որը ներկայացնում է հասարակության ընկալումները տարբեր օրակարգային թեմաների վերաբերյալ, հրապարակել է հունվար ամսվա «հաջողակ քաղաքական գործիչների» և «առաջիկա ընտրություններում ո՞ր կուսակցությանը կտաք ձեր քվեն» հարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։ Երկրորդ տեղում 4.8 միավորով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իսկ երրորդ տեղում կրկին նույն միավորով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Չորրորդ տեղում 3.8 միավորով ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Օզգյուր Օզելն է, իսկ վերջին տեղում 3.7 միավորով իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելին։
«Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք» հարցին ի պատասխան՝ հարցման մասնակիցների 20.9%-ը քվեարկել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օգտին, 20.6%-ը Թուրքիայի գլխավոր ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) օգտին։
Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) օգտին քվեարկել են հարցման մասնակիցների 8.2%-ը, իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHPՃ օգտին քվեարկել են 5.3%-ը, իսկ «Լավ» (İYI) կուսակցությանը՝ 3.5%-ը։